ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի կերպարվեստը մեծ կորուստ կրեց

Հայաստանի կերպարվեստը մեծ կորուստ կրեց
17.07.2014 | 21:53

Հուլիսի 17-ին, 80 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Արամի Մամյանը:

Հենրիկ Մամյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 24-ին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1953 թ.), այնուհետև` Երևանի թատերական ինստիտուտը (1959 թ.):
Հենրիկ Մամյանը ճանաչված և սիրված արվեստագետ էր, մանկավարժական աշխատանքի մեծ փորձ ունեցող հմուտ մասնագետ: 1960 թ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, գեղարվեստաթատերական ինստիտուտներում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում` 1991-2006 թթ. «Գծանկարի, գունանկարի և քանդակի» ամբիոնի վարիչ էր, մինչև օրս՝ ամբիոնի պրոֆեսոր:
Հ. Մամյանը ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի ոլորտում: Գրքի նրա ձևավորումներից են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» (1968-77 թթ.), Լևոն Շանթի «Հին աստվածներ» (1969-74 թթ.), Դանիել Վարուժանի «Հարճը» (1979 թ.), Աստվածաշունչ մատյանից՝ «Երգ երգոց Սողոմոնի» (1992 թ.), Ավ. Իսահակյանի «Աբու-լալա Մահարի» (1987 թ.), Հովհ. Թումանյանի «Անուշ» (1987-2005 թթ.), «Գիրք Դավիթ Սաղմոսացի» (2003-2004 թթ.) և այլն:
Հաստոցային գրաֆիկական գործերից են «Ձմեռ» (1981 թ.), «Լուսին» (1983 թ.), «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը (1996 թ.):
Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշերի, մոնումենտալ և բնագիր աշխատանքների (Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Հ. Մինասյանի և Գ. Խանջյանի «Վարդանանք» եռանկարի երրորդ մասի որմնանկարները` Երևանի Կասկադում):
Նկարիչը բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975 թ.), Կիրովականում (1980 թ.), Գյումրիում, Երևանում (1981 թ., 1985 թ., 2004 թ.), Վարշավայում (1984 թ.), Բելգրադում (1991 թ.) և այլուր:
Հենրիկ Մամյանի արվեստին բնորոշ են բարձր պրոֆեսիոնալիզմը, ազգային և համաշխարհային ավանդույթների ստեղծագործական վերաիմաստավորումը:
Տաղանդավոր նկարչի և հրաշալի մարդու հիշատակը միշտ վառ կմնա իր աշխատանքային ընկերների և հայ մշակույթի պատմության մեջ:
Հենրիկ Մամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հուլիսի 19-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում` ժամը 12:00-14:00: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:


Կառավարական հանձնաժողով

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ